Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը

Հարությունյանը հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից էր և թղթակցում էր տեղական բոլոր պարբերականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Այսօր կյանքից հեռացել է հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկը` Գագիկ Հարությունյանը, հայտնում է պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Գագիկ Հարությունյանն իր գործունեությունը սկսել է 1960-ականների վերջին`կարճ ժամանակում դառնալով հանրապետության գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը՝ թղթակցելով տեղական բոլոր պարբերականներին։
1970-ականներից, աշխատակցելով «Գարուն» ամսագրին, Հարությունյանը ձևավորում է լուսանկարչական պատկերի համարձակ մի նոր ձևաչափ, որում լուսանկարը հայտնվում էր ոչ թե որպես փաստագրում կամ նկարազարդում, այլ փիլիսոփայական ու քննադատական միտք արտահայտող անկախ արվեստային միջոց։

Իրենց պատմական և գեղարվեստական նշանակությամբ բացառիկ են նաև Եվրոպայում և Աֆրիկայում արված Հարությունյանի մեծածավալ շարքերը, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմը բյուրեղացնող նրա «Ղարաբաղ» պատկերաշարը։

Հարությունյանի գործունությունը հեղափոխել է հայկական լուսանկարչության հետագա զարգացումը, որի ապացույցն են իր կյանքի օրոք՝ Եվրոպայում և Հայաստանում կայացած անհատական ցուցահանդեսները, ինչպես և ժամանակի քննադատների ու գործընկերների վկայությունները։
Երկարատև ստեղծագործական դադարից հետո, Հարությունյանը վերադարձել էր հանրային տեսադաշտ 2017 թվականին «Ժամանակի ստվերները» ցուցահանդեսով և պատկերագրքով ։
Հարությունյանի ժառանգությունը շոշափելի ազդեցություն է թողել հայ լուսանկարիչների երիտասարդ սերնդի վրա, իսկ նրա ստեղծագործությունը վերաիմաստավորվում է իբրև 20-րդ դարավերջի հայաստանյան արվեստի կարևոր մաս: