ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ, պարուսույցներ Վիլեն Գալստյանի, Նադեժդա Դավթյանի, ինչպես նաև ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ կտեղադրվեն Երևանի տարբեր հատվածներում։
Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ նախագծերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը:
Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակները հավերժացնող միասնական հուշատախտակը կտեղադրվի Ալեքսանդր Թամանյան փողոց 3 հասցեում։ Միջնորդությունը ներկայացրել է «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը: Կարապետ Եղիազարյանին նվիրված հուշատախտակն էլ կփակցվի Կարապետ Ուլնեցու փողոց 30ա հասցեում։ Միջնորդությունը ներկայացրել են «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Սաֆարյանը և Կարապետ Եղիազարյանի դուստր Անուշը։
Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակին նվիրված հուշատախտակների տեղադրման որոշումն ընդունվեց 41 կողմ, 2 ձեռնպահ ձայներով։
Կարապետ Եղիազարյանի հիշատակին նվիրված հուշատախտակի տեղադրմանը կողմ քվեարկեց ավագանու 39 անդամ, ձեռնպահ էին 2-ը։
Վիլեն Գալստյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 12-ին, Երևանում։ Եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, հետո բալետային խմբի գեղարվեստական ղեկավար, այնուհետև գլխավոր բալետմայստեր։ Եղել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը։ Նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարում («Նռան գույնը», «Հայկական որմնանկարներ» և այլն): Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, պրոֆեսորի կոչումներին: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով և «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Վիլեն Գալստյանը մահացել է 2021 թվականի հունիսի 4-ին:
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 8-ին, Մոսկվայում: Աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Մոնտեվիդեոյի պետական բալետում, եղել է մենապարուհի և փորձավար: Սեուլի արվեստի պետական համալսարանում դասավանդելով ստացել է համալսարանի պրոֆեսորի կոչում: Հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում: Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: Նադեժդա Դավթյանը եղել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլեն Գալստյանի կինը: Մահացել է 2019 թվականին:
ՀՀ վաստակավոր նկարիչ Կարապետ Եղիազարյանն էլ ծնվել է 1932 թվականի մարտի 7-ին, Երևանում: Եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և նախագահության անդամ: Կարապետ Եղիազարյանը հեղինակ է գեղանկարչական բազմաթիվ կտավների, գոբելենների: Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումներին: Կարապետ Եղիազարյանը մահացել է 2006 թվականին: