«Լիստվյաժնայա» հանքի զոհերի ընտանիքներին առնվազն 2-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կտրվի

Ամբողջովին կփակվեն այդ ընտանիքների բանկային պարտքերը՝ ապառիկներ, հիփոթեքային վարկեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքավայրի ղեկավարությունը սկսել է փոխհատուցմներ վճարել զոհվածների ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ձեռնարկության մամուլի ծառայությանը։
Զոհերի ընտանիքները կստանան 2 միլիոնական ռուբլի՝ գումարած մեկական միլիոն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, որը գտնվում էր զոհված հանքափորի խնամքի տակ։
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Կուզբասի հանքում զոհվածների հարազատներին
Բացի դա, ամբողջովին կփակվեն այդ ընտանիքների վարկերը (ապառիկներ, հիփոթեքային վարկեր)։
Զոհվածների երեխաները նաև գումար կստանան բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում սովորելու համար։
Տուժածները կստանան 500 հազարական ռուբլի։
Վճարումների համար, ընդհանուր առմամբ, կտրամադրվի ավելի քան 300 մլն ռուբլի։
Հուսանք` կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել. Պուտինը՝ Կուզբասի հանքի փլուզման մասին
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալներով` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։
Երեք ամսով կալանավորվել են հանքի տնօրենը, նրա առաջին տեղակալն ու տեղամասի պետը։
Տարածաշրջանում եռօրյա սուգ էր հայտարարվել։