ՀՀ–ում մանկատան 210 սանի բնակարանի գնման իրավունք է տրվել. փոփոխություններ գործընթացում

Արխիվային լուսանկար
Նախկինում շահառուները միայն մանկատների շրջանավարտներն էին, այժմ շրջանակն ընդլայնվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում մինչ օրս բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Սաներից 195-ն արդեն գնել են բնակարան։ Գործընթացում փոփոխություններ են կատարվել ու այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև 18 տարին լրացած մանկատան սաները, որոնք ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների)։
ՌԱԴԻՈ
Շատ քիչ գումար է. մանկատան նախկին սաները չեն կարողանում Երևանում բնակարան գնել
Նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետի պարտականությունները կատարող Արտակ Հարությունյանը ԱՍՀՆ–ին տված հարցազրույցում նշել է, որ նախկինում շահառուները միայն ՀՀ մանկատների շրջանավարտներն էին։

«Կարող եմ ասել նաև, որ շահառուների շրջանակն ընդլայնվել է` մանկատների 2021 թվականի շրջանավարտների մասով։ Նախկինում շահառուները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մանկատան շրջանավարտներն էին»,– ասել է Հարությունյանը։

Դիմելիությունը երկարացվել է 1 տարով և մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կարող են դիմել շահառու դառնալու համար։ Բնակարանների գնման վկայագրի արժեքը 6.3 մլն դրամ է, սակայն եթե շահառուն ավելի էժան է կարողացել ձեռք բերել բնակարան, ապա մնացորդը փոխանցվում է նրա հաշվին։