ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Երևանում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային մասում նախատեսվում է փակցնել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակները հավերժացնող հուշատախտակը։ Տեղեկությունը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
«Երևանի ավագանին նոյեմբերի 30-ին կայանալիք նիստում կքննարկի Վ. Սարգսյան 7 հասցեում, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային մասում փակցնելու հարցը։ Միջնորդությունը ներկայացվել է «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարո Շահբազյանի կողմից»,– նշված է նախագծում:
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2-ին Երևանում: Նա աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես սկսնակ դերասան, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր 1984-1986 թվականներին՝ որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ, 1970-1976 թվականներին՝ Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր:
Ղազանչյանն աշխատել է նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: 1980-1984 և 1986-1993 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես գլխավոր ռեժիսոր: 1993 թվականից եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, այնուհետև տնօրենը: 1995-2007 թվականներին եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը:
Երվանդ Ղազանչյանը մահացել է 2019 թվականին Երևանում:
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին Երևանում: 1958-1961 թվականներին եղել է Կապանի, 1971-1977 թվականներին՝ Գյումրու, 1977- 1983 թվականներին՝ Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1993 թվականից՝ Համազգային թատրոնների դերասանուհի: Խաղացել է մոտ 25 ֆիլմում («Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Նահապետ», «Հին օրերի երգը», «Կարոտ», «Ճերմակ անուրջներ», «Գիքոր» և այլն): Գալյա Նովենցը եղել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կինը: Մահացել է 2012 թվականին: