ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերապատվաստումներին։
«Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` («Մոդեռնա» և «Պֆայզեր»), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,–ասաց նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։
Նրա խոսքով` կարևոր է, որ առաջին հերթին խթանիչ ստանան ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները` խրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները։ Ավանեսյանը նշեց, որ դեռևս պարտադիր բնույթ չի կրում խթանիչի կիրառումը։
Ինչ վերաբերում է սահմանափակումներին` Ավանեսյանը հավելեց, որ դիմակային ռեժիմը դեռ կպահպանվի, քանի որ բոլոր հետազոտությունները վկայում են, որ դիմակներ կրելն արդյունավետ է։
Ավելին` նրա խոսքով` առաջիկայում կկասեցվի այն լաբորատորիաների աշխատանքը, որոնք չեն բավարարի համապատասխան պայմաններին։ Հարցն այն է, որ նախարարության մասնագիտական խումբը լաբորատորիաներում մշտադիտարկումներ է իրականացնում, որոնք առաջիկա 10 օրերին կամփոփվեն. լաբորատորիաների համար հատուկ ցուցումներ կգործեն։
Հիշեցնենք, մինչ այս կառավարության նիստում Ավանեսյանն ասել էր, որ վերապատվաստումների իրականացման կարգի ու ժամկետների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չկա, այդ հարցը դեռ քննարկվում է։