ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է` ի աջակցություն Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի։
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ Առուշն իր ընկերն է, լավ ու հայրենասեր մարդ է, և ինքը Գորիս է եկել, որպեսզի վերջինս իրեն մենակ չզգա։
«Եկել ենք աջակցենք այս ժամանակահատվածում, երբ իր հանդեպ տարբեր անարդար գործողություններ են ընթանում։ Նա պետք է իմանա, որ ընկերներն իր հետ են ու կողքին են»,– նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով` Սյունիքի համայնքապետներին կալանավորելն ուղղակի ճղճիմ մարդու անձնական վրեժխնդրություն է։
Լևոն Քոչարյանի նշում է, որ համայնքների ղեկավարների կալանավորումները կարող են խնդիրներ առաջացնել նաև անվտանգային առումով` թշնամին շատ մոտ է։
Նշենք, որ այսօր Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայանում է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։