Սուրենյանն «ավանդական մառախուղի» գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու վախեցրել հետևորդներին

Գագիկ Սուրենյան. Արխիվային լուսանկար
Սուրենյանի հրապարակած լուսանկարը շատերի մոտ ոչ այնքան դրական հուշեր է արթնացրել 2017թ–ի ձմռան մասին, երբ ամբողջ Հայաստանում արևոտ ու ջերմ եղանակ էր, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում շուրջ 40 օր` մառախուղ ու ցուրտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը անդրադարձել է Արարատյան դաշտն ու Երևանը պարուրած մառախուղին, որն, իր բնորոշմամբ, արդեն ավանդական է դարձել։
Սուրենյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել` փորձելով բնության այդ երևույթը ներկայացնել գեղեցիկ կողմից։
«Արարատյան դաշտի ավանդական մառախուղը` ինքնաթիռից»,– գրել է Սուրենյանը։
Մառախլապատ Արարատյան դաշտի ու Արարատ լեռան համայնապատկերը, սակայն, ավելի շատ բացասական արձագանքների է արժանացել։ Օգտատերերը օդերևութաբանից արևոտ եղանակ են պահանջում։

«Արև ենք ուզում, արև»,– գրել է նրանցից մեկը։ Ոմանք էլ հորդորել են «ցրել» մառախուղն ու ցուրտը։

Մեկ ուրիշն էլ հեգնել է. «Ավանդական, պապենական, լավ ա չասիր` ընտանեկան»։
«Մգեռը աչքովդ չի ընկնո՞ւմ». Սուրենյանը Գորիսից տեսանյութ է հրապարակել
Սուրենյանի հրապարակած լուսանկարը շատերի մոտ ոչ այնքան դրական հուշեր է արթնացրել 2017թ–ի ձմռան մասին, երբ ամբողջ Հայաստանում արևոտ ու ջերմ եղանակ էր, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում շուրջ 40 օր` մառախուղ ու ցուրտ։
Ի դեպ, օդերևութաբանների կանխատեսումներն այս տարվա մառախուղի մասին շատ ավելի հուսադրող են։
Դրանց համաձայն` մառախուղն Արարատյան դաշտում կշարունակվի նաև այսօր երեկոյան ու վաղը, հիմնականում` առավոտյան ժամերին։
Դրանից հետո` դեկտեմբերի 1-2-ին, Հայաստանի տարածքում կանխատեսվող տեղումներն, ըստ ամենայնի, կցրեն նաև մառախուղի շերտը։