ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Նրա խոսքով՝ Գուտերեշն ընդգծել է ռուսական կողմի միջնորդական դերը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ի և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը և ի գիտություն է ընդունում նրանց համատեղ հայտարարությունը։ Նա գոհունակությամբ է նշում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում», - ասել է նա։
Նշենք, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել։
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։