«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն է. մասնակցում է նաև Փաշինյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին մասնակցում է նաև Արցախի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհված հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը (27 նոյեմբերի, 2021թ). Երևան
Նշենք, որ նոյեմբերի 25–ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը որոշել է չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը:
ԱԺ քննիչ հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել կառավարությանն ու «Հայաստան» հիմնադրամին
Քոչարյանը այդ թեմայով գրություն էր ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որին արձագանք այդպես էլ չի եղել:
Հիշեցնենք` 44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։ 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը (27 նոյեմբերի, 2021թ). Երևան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ պատերազմի օրերին հավաքագրված գումարների ճակատագրի առնչությամբ կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` ՀՀ նախագահն ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և այլք։