ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով` Արթիկ խոշորացվող համայնքի ղեկավարի համար ակտիվ պայքարի մեջ է մտել նախկին քաղաքապետ, բոլորովին վերջերս Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար աշխատած Արսեն Աբրահամյանը:
«Վերջինս ավելի շատ հայտնի է արթիկցիների շրջանում որպես ժամանակին սոցապի պետ աշխատած մարդ, իսկ ինչպես կատակեց մեզ հետ զրուցող արթիկցիներից մեկը՝ «էն լավ վախտերն է եղել, օր սաղ սոցապի պետերը միլիոնատեր կդառնային»: Ինչևիցե, ըստ արթիկցիների՝ Աբրահամյանը հասցրել է սոցապ ծառայության պետ եղած ժամանակ սեփականաշնորհել Արթիկի քաղաքապետարանի վարչական շենքի մի հատվածը, ապա, երբ քաղաքապետ է ընտրվել, ինչ-ինչ ուղիներով այդ տարածքը վարձակալությամբ է տվել քաղաքապետարանին»,–գրում է թերթը:
Աբրահամյանի մասին արթիկցիների հուշերն այսքանով չեն սահմանափակվում. տեղացիները թերթին պատմել են, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա քաղաքի խղճուկ բյուջեից որոշել է իր համար ծառայողական մեքենա գնել։ Իրականում, ըստ խոսակցությունների, իր փողերով ու եղբորորդու` Ալեքսանի անվան տակ գնել է մեքենան, հետո նորից համայնքապետարանի կողմից այն գնելու համար մեծ գումար փոխանցել: Ի դեպ, եղբորորդին ընդգրկված է նրա նախընտրական ցուցակում:
«Ավելի զարմանալի է Արսեն Աբրահամյանի հարազատ եղբոր` Անուշավանի հետ կապված պատմությունը. մեզ փոխանցեցին, որ եղել է քաղաքային տնտեսության տնօրենը ու 5 տարի աշխատավարձ է ստացել, սակայն մեր աղբյուրները և արթիկցիների շրջանում կատարված հարցուփորձը ցույց են տալիս, որ միաժամանակ զբաղեցրել է այլ պաշտոն, «սաղ օրն ավտոկայան էր» ու, ամենայն հավանականությամբ, ըստ տեղացի աղբյուրների, աշխատանքի չի հաճախել ու գումար է ստացել գրանցված աշխատավայրից»,–գրում է թերթը։
Թերթի աղբյուրների հավաստմամբ` իրականում հոր փոխարեն այդ աշխատանքներն արել է այդ ժամանակ ավագանու անդամ հանդիսացած նրա որդին:
«Ամենավերջում հետաքրքիր իրավիճակ ներկայացրին՝ նաև կապված Աբրահամյանի աներորդու` Արման Ճգնավորյանի հետ։ Պարզվում է` ժամանակին քաղաքապետի փեսան իր աներձագի ընկերությանը փոխանցել է միլիոնավոր դրամներ ինչ-ինչ գնումներ կատարելու համար»,–գրում է թերթը:
Այս ամենից զատ, իրականում շատ տխուր է Արթիկ քաղաքի փողոցների, գծանշումների ու մարդկանց` ապագայի հանդեպ վստահության մասով ունեցած տպավորությունները. փոքր մի քաղաք, որտեղ 30 տարի, կարծես թե, ոչինչ չէր արվել։
Նշենք, որ Արթիկում ՏԻՄ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 5–ին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։