ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ասվածի ապացույցները, որոնք տեսել է Սան Ֆրանցիսկոյում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով ԱՄՆ այցելության ընթացքում Թաթոյանը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում և Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանում։ Հայկական այս կառույցներն անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբերի կողմից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում
© Photo : Facebook / Arman Tatoyan
Եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Վարժարանը երկու անգամ է հարձակման ենթարկվել, առաջին անգամ՝ հուլիսին․այդ ժամանակ վարժարանը վանդալիզմի էր ենթարկվել, պատերին հայերի դեմ թշնամանքի ու ատելության խոսքեր էին հայտնվել։ Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի ուղղությամբ: Թաթոյանն ընդգծում է՝ վարժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:
ՄԻՊ–ը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են երկու հաստատություններում կատարված հանցավոր գործողությունների հետևանքները։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում
© Photo : Facebook / Arman Tatoyan
«Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտնահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ»,- շեշտում է պաշտպանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում
© Photo : Facebook / Arman Tatoyan
Հավելենք, որ նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ: