Զինվորների հետ փախած հրամանատարից բացի, նաև շարքային զինծառայող է կալանավորվել

Կալանավորված զինծառայողի անգործության հետևանքով ադրբեջանցիներն անարգել մոտեցել են ՀՀ ԶՈւ մարտական հենակետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈւ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել և կալանավորվել նաև մեկ շարքային զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Զինծառայողը դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, որի անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու հետևանքով թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈւ մարտական հենակետ։ Նշված զինծառայողը եղել է դիրքից փախուստ կատարած 7 զինծառայողների թվում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է։
Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը
Նշենք, որ նույն քրեական գործով երեկ կալանավորվել էր գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը` մայոր Գ. Գ.-ն, որը ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈւ զինծառայողներից 2-ի դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:
Նշված արարքները կատարելու համար նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայող է գերեվարվել: Ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին:
Ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանի սպանության դեպքով հարուցվել է քրգործ