Սոչիում մեկնարկեց Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը
Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինը զրուցել է Ալիևի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Սոչիում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 23-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր` տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ «Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,– նշել էր նա։
Հիշեցնենք` եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։