ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում շնչառական վարակներով պացիետների 50%-ը, իսկ ստացիոնար կազմակերպություններում` 81.3%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ մանկահասակ երեխաները: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ»,- տեղեկացնում են կենտրոնից` նշելով, որ այս մասին են փաստում համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները։
Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապօգնության կանչերում։
ՀՎԿԱԿ-ից ընդգծում են, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2021-2022 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով։
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, , չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, շատ հեղուկներ խմել, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային։