ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդության մեջ հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ–ի որոշմանը։ Դատախազի կարծիքով` այդ որոշումը կարող էր նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։
Դատարանը մերժեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300․1 (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։