Ինչի՞ մասին է խոսել Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները, ցավոք, շարունակվում են, բայց վերջերս մենք արձանագրեցինք, որ ԵԱՏՄ շրջանակում նկատվում է առևտրաշրջանառության ակտիվացում, և դա շատ կարևոր է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի հասնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ինչը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական կապերի ու Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ կապերի ակտիվացմանը»,– ասաց Փաշինյանը։
Պուտինը հույս ունի, որ նոր պայմանավորվածությունները դրական կազդեն արցախյան իրադրության վրա
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն Մոսկվայում. Պուտին