Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄ

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որը մասնակցել է այդ բանակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը։ Տեղեկությունը հայտնում է «Անի» ուսումնասիրությունների կենտրոնը։
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը երեկ կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:
«Զավեշտալի է, ճանաչում եմ այդ տղաներին». Վանեցյանը վստահեցնում է, որ իրեն հետևում են
«Երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ»,–գրում է կայքը։

Նշվում է, որ Թաշչյանը Հայաստանի լավագույն դիվանագետներից է, ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

Արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, հայտնել էր, որ դեռ 2018 թվականի հոկտեմբերին Դուբայում ադրբեջանական ղեկավարությունը ՀՀ իշխանությանն առաջարկել է 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանը հանձնելու համար։ Ըստ Միքայելյանի` առաջարկն արել էր Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը, և այն փակ ծրարով փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին, նա էլ փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։
Լավ կլինի` Փաշինյանը քիչ շոշափի 5 միլիարդի թեման. Մամիջանյանը ասաց, թե որտեղ է Վանեցյանը
Ավելի ուշ Վանեցյանը հաստատել էր այդ տեղեկությունները` նշելով, որ որպես ԱԱԾ տնօրեն Փաշինյանի և Ալիևի միջև ինքն է օպերատիվ կապ պահել։