ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին՝ ընդգծելով, որ տոկոսադրույքի նվազման քաղաքականությունը շարունակվելու է։
«Այս դրույքը կնվազի։ Մենք թույլ չենք տա, որ դրույքը հոշոտի մեր ժողովրդին, մեր ֆերմերներին։ Օտարերկրյա գործակալներ կան, նրանք հարձակվում են մեզ վրա, բայց ինչ էլ անեն, մենք մեր տնտեսական ծրագրից չենք հրաժարվի», - ասել է Էրդողանը Իզմիրում կայացած ելույթում, որը հեռարձակվել է Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում գրեթե 40 տոկոսով արժեզրկվել է, իսկ այս երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 13,21 լիրայի։ Արժույթի արժեզրկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս, իսկ երկուշաբթի Թուրքիայի նախագահը հեռուստաուղերձում կրկին կողմ արտահայտվեց հաշվարկային տոկոսադրույքի նվազեցմանը:
Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները նոյեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք էին ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ էին արել արտահերթ ընտրություն անցկացնել:
Էրդողանը մերժել էր ընդդիմության պահանջը՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։