ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար: Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հիշեցրել է, որ փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողով, որի աշխատանքները, չնայած դժվարություններին, առաջ են ընթանում։
«Կարող ենք ենթադրել, որ մոտ ժամանակներս կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ անհրաժեշտ քայլեր անել բոլոր որոշումների համար»,–ասաց Պուտինը:
Նրա խոսքով՝ դրան պետք է ուղղված լինի բոլոր կողմերի ջանքերը. պետք է պայմաններ ստեղծվեն տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ իրենց զգան անվտանգ, ինչպես նաև կարողանան զբաղվել տնտեսական գործունեությամբ, զարգացնել տնտեսությունը։
«Այս ամենը, անշուշտ, պետք է բարենպաստ ազդեցություն ունենա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա»,–նշեց Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ՌԴ համար այս ամենը մեծ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում, խորը պատմական կապեր կան:
ՌԴ նախագահը հավելեց, որ չէր ցանկանա` այդ կապերը քանդվեին, ընդհակառակը, դրանք պետք է ավելի ամրանան։