ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ կողմերը հանգամանալից, անկեղծ զրույց են ունեցել։
«Մենք բացեիբաց քննարկել ենք մեր ծրագրերը, մեզ անհանգստացնող հարցերը։ Կարևորն այն է, որ այն որոշումները, որոնք մենք ընդունել ենք տարաձայնությունները կարգավորելու համար, կնպաստեն, որ Հարավային Կովկասի իրադրությունն անվտանգ ու կանխատեսելի լինի», - ասաց նա։
Ադրբեջանի նախագահը նշեց, որ տեսնում է Հայաստանի տրամադրվածությունը իրավիճակի կայունացման և կանխատեսելիության ապահովման նախադրյալներ ստեղծելու համար:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք ուզում ենք շրջել Հայաստանի հետ բազմամյա դիմակայության էջը, նորմալ գործակցության փուլ սկսել, և կարծում եմ, որ նման ձևաչափով մենք հասնում ենք մեր նպատակներին», - ասաց Ալիևը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահելի հարաբերությունների մակարդակը նպաստում է Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ հանգուցալուծում գտնելուն։
«Կարծում եմ, որ մեր հանդիպումից հետո լավ արդյունքներ կլինեն, որոնք չեն ուշանա, և տարածաշրջանում իրավիճակն ավելի անվտանգ և կանխատեսելի կլինի»,– եզրափակեց նա:
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նոր եռակողմ հանդիպում կլինի, որի ժամանակ կներկայացվեն այսօրվա քննարկման որոշ արդյունքներ, հայտարարություն կարվի այսօր կայացրած որոշումների մասին։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։