Ուշադրությունը կենտրոնացվել է ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև կապերի վերականգնման վրա․ Զախարովա

Մարիա Զախարովա
Մոսկվան բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում է տարածաշրջանի կայունությունն ամրապնդելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսական կողմի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման վրա: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին։
Զախարովան նշեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությունները ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն են:

«Կարող եմ ասել, որ մենք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում ենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար։ Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը», - ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան հայտնեց նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։