ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ վերջին անգամ խոսել է 20 տարի առաջ` Հայաստանից նրա հեռանալուց հետո։ Այս մասին այսօր Խաչատուրյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է»,– ասաց Խաչատուրյանը` ուղղելով լրագրողին, որը նշեց, թե նրանք թիմակիցներ են եղել։
Խաչատուրյանը հայտնեց, որ Սիրադեղյանի աճյունը Երևանի քաղաքային պանթեոնում հուղարկավորելու հարցը կառավարությունում քննարկվել է, բայց, քանի որ ինչ–ինչ խնդիրներ են եղել, որոշվել է հուղարկավորությունը կատարել նրա հայրենի Կոթի գյուղում։ Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, Վահագն Խաչատրյանը չցանկացավ բացահայտել` ասելով.
«Սիրադեղյանի մասին այլ հարցեր մի տվեք։ Այսօր ես, կառավարութունն ամեն ինչ անում ենք, որ կարողանանք Վանո Սիրադեղյանի թաղման արարողությունը կազմակերպել այն մակարդակով, որին արժանի էր Սիրաղեդյանը։ Գուցե և չենք կարողանա անել այն, ինչին նա արժանի էր, որովհետև նա շատ ավելիին էր արժանի, քան մենք կարող ենք պատկերացնել»։
Ինչ վերաբերում է Սիրադեղյանի` 2018թ–ից հետո Հայաստան տեղափոխվելուն, Վահագն Խաչատրյանը նշեց, որ դա հեշտ հարց չէ, ու յուրաքանչյուրն ինքն է իր որոշումը կայացնում։
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։ Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։