ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սյունիքիմարզի զարգացման և ներդրման հիմնադրամին կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ կհատկացվի 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
Որոշման նախագիծը գործադրի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա հիշեցրեց, որ մարզի հիմնախնդիրների լուծման համար 2021թ–ի ապրիլին հատկացվել էր 500 մլն դրամ, իսկ սեպտեմբերին` ևս 200 մլն դրամ:
«Կառավարությունը հունվարին մատնանշել էր, որ այս ուղղությամբ 1 մլրդ դրամ կհատկացնի, և պետք է փաստել, որ արդեն հատկացված գումարը 1.1 մլրդ է»,– ասաց նա։
Սանոսյանը հիշեցրեց, որ այդ գումարի շրջանակներում արդեն ձեռք է բերվել 3 հատ ՈւԱԶ ավտոմեքենա, որոնք տրամադրվել են Կապանի համայնքապետարանին` փակ ճանապարհների հետևանքով առաջացող խնդիրների լուծման համար։ Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու պատճառով նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է 6.5 մլն դրամ վառելիք (13 տոննա դիզելային վառելիք և 1 մլն դրամի բնական գազ):
Նոյեմբերի 11-ին Բարձրավան – Շուռնուխ - Որոտան ճանապարհները փակվելու պատճառով բնակչությանը տրամադրվել է հաց՝ օրական 2 անգամ` 800 հազար դրամով։
Նախարարի խոսքով` առաջիկայում նախատեսվում է նաև գնել 43 հատ «սենդվիչ» պանելային շարժական տնակներ` 223.7 մլն դրամով (1 հատի արժեքը` շուրջ 5.2 մլն դրամ): Դրանք կտրամադրվեն ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ԱԻՆ Փրկարար ծառայությանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը։
«Շուռնուխում անասունների հետ կապված խնդիրներ են եղել, բնակիչներին փոխհատուցվել է, քաղաքացիներին բնակարանների փոխհատուցման հարցեր կան, կան նաև տարբեր տեսակի կրթական–մշակութային հարցեր` Սյունիքում գտնվող շենք–շինությունների հետ կապված»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Սյունիքում շրջանցիկ ճանապարհների շինարարության հետ կապված որոշ ծախսեր ևս իրականացվում են այս գումարի շրջանակում։