Հուսանք` կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել. Պուտինը՝ Կուզբասի հանքի փլուզման մասին

Վլադիմիր Պուտին
Ավելի վաղ հաղորդվել էր հանքահորում որոնողափրկարարական աշխատանքների դադարեցման մասին՝ պայթյունավտանգ մեթանի խտության պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո «կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել»:

«Հույս ունենանք, որ կհաջողվի հնարավորինս շատ մարդկանց փրկել։ Իսկապես, երբ մարդիկ կյանքից հեռանում են, դա միշտ էլ մեծ ողբերգություն է ընտանիքի, ազգականների համար։ Մեծ դժբախտություն է»,-ասել է Պուտինը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ իրավիճակը բարդ է, և որ վտանգ կա հենց փրկարարների կյանքի համար։ Այժմ տեղում անհրաժեշտ որոշում են կայացնում, հավելել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ «Լիստվյաժնայա» հանքում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին պայթյունի սպառնալիքի պատճառով, փրկարարներին դուրս էին բերել հանքից:
Փլուզում Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքահորում. զոհվածների թիվը հասել է 11–ի
«Լիստվյաժնայա» հանքահորում բռնկումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Բելովո քաղաքի Գրամոտեինսկի քաղաքատիպ ավանում: Հանքահորում 285 մարդ է եղել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 11 հանքափոր, ավելի քան 40-ը տուժել են։
«Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցածի առթիվ Կուզբասում եռօրյա սուգ է հայտարարվել՝ նոյեմբերի 26-28-ը:

«Մենք սգում ենք զոհերի հիշատակը, մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Կուզբասի կառավարությունը կանի ամեն հնարավոր բան, մենք անհրաժեշտ օգնություն կցուցաբերենք զոհվածների և տուժածների ընտանիքներին»,-իր Telegram ալիքում հայտնել է Կուզբասի ղեկավար Սերգեյ Ցիվիլևը։

Այսօր երեկոյան Ցիվիլևը հանդիպում է ունեցել այն հանքագործների հարազատների հետ, որոնք այս պահին գտնվում են հանքում:
«Լիստվյաժնայա» հանքավայրը պատկանում է «СДС-Уголь»հոլդինգին, որը Ռուսաստանում երեք խոշորագույն ածուխ արտադրողներից է և մշակում է Եգոզովո-Կրասնոյարսկի ածխի հանքավայրի պաշարները:
Աշխատում է Բելովո քաղաքում գտնվող նույնանուն հարստացուցիչ գործարանի հետ, որը Ռուսաստանում էներգետիկ ածուխի վերամշակման ամենահզոր գործարաններից մեկն է: