ՌԱԴԻՈ

Էրդողանի օրերը հաշված են. չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաներին, նշել, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ դերակատարում կարող են ունենալ երկրի քաղաքական կյանքում։
Sputnik
Թուրքիայում պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաներն ավելի շատ որոշ կուսակցությունների կողմից կազմակերպվող ցույցեր են, քան համաժողովրդական ընդվզման դրսևորում։ Այսպես է կարծում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց հարևան երկրում անցկացվող ցույցերը։
Նրա խոսքով` և՛ ընդդիմության, և՛ հասարակության մեծ մասը դժգոհ է Էրդողանի իշխանությունից, սակայն Էրդողանը բավականաչափ փորձառություն ունի դրանք ճնշելու և ավելի մեծ զանգվածների ներգրավումը կասեցնելու հարցում։
«Էրդողանն իր բռունցքի մեջ է պահում ամբողջ երկիրը և ժողովրդին։ Ժողովուրդը գոհ չէ նրանից, սակայն վերջինս կարողանում է իր հիմնական հակառակորդներին լռեցնել` նրանց պահելով բանտերում։ Մարդիկ վախենում են այլևս խոսել, որովհետև ով խոսում է` նստելու է, դրա համար էլ ժողովուրդը ծպտուն չի հանում»,- ասաց նա։
Խաղի մեջ ներքաշել Թուրքիային, կամ ինչո՞ւ է Ալիևը հայասիրության մեջ մեղադրում Մինսկի խմբին
Բանտում հայտնվելու վախը մարդկանց ստիպում է սահմանափակվել վարչախմբի նկատմամբ դժգոհությունները միայն ծանոթների, բարեկամների շրջանում արտահայտելով։ Չնայած դրան` թուրքագետը կարծում է, որ Էրդողանի օրերը հաշված են։ Նախ` Թուրքիայի նախագահի առողջական խնդիրների մասին խոսակցությունները վերջին շրջանում նոր թափ են ստանում, հետո էլ չի բացառվում, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեն։ Արտահերթ ընտրությունները, սակայն, հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք Էրդողանին ձեռնտու լինեն։
Նշենք, որ վերջին օրերին` լիրայի անկման ֆոնին, Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել ինքնաբուխ բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ հնչել են Թուրքիայի կառավարության հրաժարականի և «Արդարություն և զարգացում» կուսակցությանն իշխանությունից հեռացնելու պահանջներ։
Նոյեմբերի 19-ին Թուրքիայի Ժողովրդահանրապետական և Լավ կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էին ոչ կոմպետենտության մեջ։ Ընդդիմադիր ուժերի ղեկավարները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին: Սակայն Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետին ՝ 2023 թվականի հունիսին։