Սալմոնելա, ստաֆիլակոկ․ «Բուրգըրի»-ում թունավորման պատճառը հայտնի է

Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր արդյունքները հայտնի են։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակով 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կազմակերպություններից:
Զանգվածային թունավորում Հայաստանում. հոսպիտալացվածներից 16–ը երեխաներ են
«Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված տավարի հում միս` կիսաֆաբրիկատ) հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկ։ Իսկ, ահա, խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։