Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները

Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը մինչ այդ դիմավորել էր ռուսաստանցի հյուրին ու նրան ուղեկցել ՀՀ կառավարության շենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի` հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
Այսօր երեկոյան Օվերչուկը կմեկնի Երևանից։
Մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ Վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։