ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովը նիստ է արել և որոշել նրա հոգեհանգստի արարողությունը կազմակերպել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության կայքում։
«Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն։ Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։ Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։