Հայ համայնքի միջամտությամբ Սալոնիկի ավտոբուսների վրայից հանվել է Շուշիի «գովազդը»

Հունաստանում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար, որպեսզի ավտոբուսների վրայից հանվի «Շուշին Ադրբեջանն է» գրառմամբ գովազդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սալոնիկի ավտոբուսների վրա Ադրբեջանը տեղադրել է իր կողմից օկուպացված Շուշիի նկարները` գրառմամբ, թե Շուշին Ադրբեջանն է։ Հունական կայքերից մեկի հոդվածը Facebook–ի իր էջում հրապարակել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը` հայտնելով այդ մասին։
Նա հավելել է, որ այդ սադրիչ «գովազդն» անմիջապես հեռացվել է ավտոբուսների վրայից` «մեր բարեկամների և տեղի հայերի գործողություններից հետո»։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել բոլորին։
Իսկ greekcitytimes.com-ն էլ գրում է, որ Ադրբեջանն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները հայկական Շուշի քաղաքի օկուպացիան արդարացնելու համար։
Ադրբեջանի հերթական սադրանքը ՅՈւՆԵՍԿՕ-ում․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ նախաձեռնության մասին
Նշվում է նաև, որ ադրբեջանական «գովազդը» չի վրիպել հունահայ համայնքի ուշադրությունից, որն իշխանություններին խնդրել է հեռացնել գովազդը, ինչն էլ արվել է առանց վարանելու։ Միաժամանակ, հոդվածում ասվում է, թե կասկածելի է` ինչո՞ւ է առհասարակ թույլատրվել, որ նման բովանդակությամբ գրառումը հայտնվի ավտոբուսների վրա։