Բադեն–Բադենը ծամոն է դարձել. Սերժ Սարգսյանի փաստաբանը` հակակոռուպցիոն գործի մասին

Սերժ Սարգսյանի փաստաբանն այսօր հայտարարել է, որ երրորդ նախագահը Բադեն–Բադենի գործով չի հարցաքննվել, բայց և չի հերքել, որ նա Բադեն–Բադեն այցելել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հահակոռուպցիոն կոմիտեում քննվող Բադեն–Բադենի գործով ներկա պահին որևէ կարգավիճակ չունի, հարցաքննության չի կանչվել։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Սերժ Սարգսյանի դեմ քրգործում որևէ ապացույց չկա. Աննա Մկրտչյանը վստահ է` գործը «կարված» է
«Ես էլ ձեզ պես լսել եմ, որ նման քրեական գործ է քննվում։ Հակակոռուպցիոն կոմիտեում կարող են քննվել քրեական գործեր ամեն ինչի մասին, եթե դրա համար կան ցանկւթյուններ քաղաքական մակարդակում, ու, իհարկե, կան։ Բայց հանրապետության երրորդ նախագահն այդ քրեական գործով չի հարցաքննվել»– ասաց Մակինյանը։
Այդուհանդերձ, փաստաբանն արձանագրեց, որ Սերժ Սարգսյանը երբեք չի ժխտել իր՝ Բադեն–Բադեն այցելելու փաստը։ Նա հայտարարեց, որ երրորդ նախագահն առողջարանային այդ քաղաքում է անցկացրել իր արձակուրդը։
«Ի՞նչ է նշանակում Բադեն–Բադեն։ Սա ծամոն է դարձել։ Բադեն–Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են,– ասաց Մակինյանը, – խոսքը չի վերաբերում Լաս Վեգասին, Մոնտե Կարլոյին, որ դա ընկալվի որպես կազինոների քաղաք։ Բադեն–Բադենը մշակութային, առողջարանային քաղաք է։ Այդ Բադեն–Բադեն ծամոնը պետք է ավարտվի»։
Սերժ Սարգսյանի փաստաբանը հաշտության հնարավորություն տեսնում է, Խաչատուր Սուքիասյանինը` ոչ
Մակինյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի այցերի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հայտարարած ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ իրենց ներկայացրած քաղաքացիական հայցով իրենք նաև նպատակ են հետապնդում այդ ասեկոսներին վերջ դնելու։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա, որտեղ վերջինը ներկայացրել է, որ Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ` դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ 3–րդ նախագահը չի կարողանա հեռանալ երկրից
Չվերթերի մի մասը կազմակերպվել է սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:
Դրանից առաջ` օգոստոսի 25-ի Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։
«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» - ասել էր նա։
Սերժ Սարգսյանին կանչել են հարցաքննության
Այս հայտարարության հերքման ու 1 մլն դրամ փոխհատուցման պահանջով Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը քաղաքացիական հայց էր ներկայացրել Խաչատուր Սուքիասյանի դեմ։
Դատական առաջին նիստը կայացել է այսօր, հաջորդ նիստը նշանակվել է 2022թ.–ի հունվարի 17-ին։