Արցախում ռուս խաղաղապահներն ականազերծել են հայկական գերեզմանոցի տարածքը

Ամեն օր Շուշիի շրջանում, սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքի, արկերի ու ականների որոնման աշխատանքներ են իրականացնում:
Sputnik
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են պայթունավտանգ առարկաներից մաքրել ու ականազերծել Շուշիի շրջանում գտնվող Արցախի հին հայկական գերեզմանոցի տարածքը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքի հումանիտար ականազերծումը։ Այսօր հին հայկական գերեզմանատան 1,5 հեկտար տարածքն է մաքրվել քաղաքացիական բնակչության անվտանգ այցելություններն ապահովելու համար։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 5 պայթյունավտանգ առարկա», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանումները պայթունավտանգ առարկաներից մաքրել են ավելի քան 2 300 հա տարածք, 683 կմ ճանապարհ, շուրջ 2 հազար շենք, ընդհանուր առմամբ հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 26 հազար զինամթերք:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Խաղաղապահներն ապահովել են ավտոմոբիլային 15 շարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով