Արարատ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
«Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,–ասված է հաղորդագրության մեջ:
Միջազգային հանրության հասցեական արձագանքը կարևոր է. Միրզոյանը` Գերմանիայի դեսպանին
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Նշենք, որ մայիսի 12–ից ադրբեջանական ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում և փորձում է հաստատվել այնտեղ։ Պարբերաբար բախումներ են գրանցվում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։
Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է քննարկի միջազգային հանրությունը. Փաշինյան
Գորիս—Կապան ճանապարհին Ադրբեջանն արդեն մաքսակետեր է տեղադրել։