Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվածների գերակշիռ մասը կանայք և երեխաներն են։ Երիտասարդ կանայք շատ հաճախ իրենց ընտանիքներում ենթարկվում են ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արմենիան լայթ հաուս» բարեգործական հիմնադրամի «Մայրատուն» ծրագրի ղեկավար և հոգեբան Լիաննա Սարգսյանը։
Ըստ վիճակագրության` ընտանիքում կանանց վրա հիմնականում ճնշում են գործադրում ամուսինները և սկեսուրները։ Լինում են դեպքեր, երբ կինը բռնության է ենթարկվում նաև տեգրոջ, սկեսրայրի, խորթ հոր կողմից, իսկ անչափահաս երեխաները, որոնք այդ ամենի ականատեսն են լինում, հոգեբանական բռնության զոհ են դառնում։
«Մեզ դիմած կանանց երեխաներն ունենում են բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, և ամենևին էլ կարևոր չէ, որ երեխան ֆիզիկական բռնության չի ենթարկվում, բայց երևույթը նպաստում է տարբեր տեսակի վախերի և սթրեսների առաջացման, որոնք վերացնելու ուղղությամբ էլ մենք աշխատում ենք»,- ասաց նա։
Ապաստանում, որտեղ աշխատում է մեր զրուցակիցը, այս պահին ապրում են 19-47 տարեկան 16 կին և 3 ամսականից մինչև 12 տարեկան 26 երեխա։ Սարգսյանն ասում է` ապաստանի գործունեության առաջին տարիներին ժամանակավոր կացարանի շահառուների մեծ մասը մարզերի բնակիչներ էին, վերջին տարիներին երևանաբնակների դիմելիության աճ է նկատվում։ Շահառուներն այստեղ իրավաբանական, հոգեբանական, սոցիալական և առողջապահական աջակցություն են ստանում։
«Սկզբունքն այն է, որ մայր ու երեխա միասին լինեն և ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը։ Այս տարի ընտանեկան բռնության դեպքերը փոքր-ինչ նվազել են, բայց եթե համեմատենք անցած տարվա հետ տարբերությունը շատ քիչ է»,- նշեց Սարգսյանը։
Նրա դիտարկմամբ` սովորաբար կանայք են կապ հաստատում ապաստանի հետ, վերջին շրջանում նաև ոստիկանությունից են զանգեր ստանում։ Բռնության զոհ դարձած կանայք ապաստանում կարող են բնակվել մինչև 2 տարի։ Ամեն ինչ կախված է այստեղ հայտնված կնոջ վարքագծից։ Շատ կարևոր է, թե նա ինչպես կդրսևորի իրեն առաջին ամսվա ընթացքում, կկարողանա՞ մյուս կանանց հետ լեզու գտնել, թե՞ ոչ։
Ըստ վիճակագրության` ամբողջ աշխարհում ամուսնու կամ զուգընկերոջ կողմից բռնության հետևանքով օրական մահանում է 141 կին։ Գենդերային սպանությունները կազմում են կանանց սպանությունների ընդհանուր թվի մոտ 80%-ը։
Համարվում է, որ աշխարհում ֆիզիկական, հոգեբանական կամ տնտեսական բռնության է ենթարկվում թույլ սեռի յուրաքանչյուր երրորդ ներկայացուցիչ։
Ավելին, մի շարք հետազոտությունների տվյալներով՝ ամբողջ աշխարհում համավարակի և լոքդաունի պատճառով ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են 30%-ից մինչև 60%: Ուստի լոքդաունի ընթացքում կանանց նկատմամբ բռնությունը հաճախ անվանում են «ստվերային համավարակ»։
Նշենք, որ 1999 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր և առաջարկել է կառավարություններին, միջազգային ու ոչ կառավարական կազմակերպություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք հասարակայնության ուշադրությունը կդարձնեն այդ հիմնախնդրի վրա: