ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, պատասխանելով լրագրողների ու ՀԿ–ների հարցերին, պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։
«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,– ասաց նա։
Հիշեցնենք` որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Այսօր հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։