Նոյեմբերի 9-ի հանդիպման առաջարկ եղել է. Փաշինյանը մանրամասնեց` ինչու է մերժել այն

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Փաշինյանի խոսքով` եղել է նման գաղափար, և ինքն ասել է, որ այդ գաղափարը մեզ համար խնդրահարույց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ օնլայն հանդիպում անցկացնելու, սակայն Փաշինյանն առաջարկել է այն տեղափոխել նոյեմբերի 15։ Այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե եղե՞լ է արդյոք Պուտին–Փաշինյան–Ալիև օնլայն հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում և եթե այո, ապա ո՞վ է հրաժարվել։
Փաշինյանի խոսքով` եղել է նման գաղափար, և ինքն ասել է, որ այդ գաղափարը մեզ համար քննարկելի և խնդրահարույց է։
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապն արդեն ստեղծվել է. Փաշինյան
«Ես ասել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար, սակայն եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել կոնկրետ արդյունքի շուրջ, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել օնլայն համաժողովին։ Սակայն երբ պարզվել է, որ նման համաձայնության գալ չենք կարող` տեսակետները տարբեր են, ես պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, առաջարկել եմ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 15»,–ասաց նա։
Վարչապետի խոսքով` նոյեմբերի 15-ից առաջ եղել է առաջարկ այդ հանդիպումը տեղափոխել նոյեմբերի 26-ին, ինչին էլ ինքը համաձայնել է։ Դրանից հետո էլ առաջացել է գաղափար առցանցի փոխարեն առերես հանդիպում կազմակերպել, ինչին էլ երեք կողմերը համաձայնել են։

Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ էլ ասել է, որ ՀՀ–ն պատրաստ է բանակցել և լուծումներ գտնել.«Երբեմն սիմվոլիկ ձևերով Ադրբեջանը փորձ է անում ՀՀ–ի նկատմամբ ագրեսիվ հարկադրանքի քաղաքականություն իրականացնել։ Սակայն մենք, որքան էլ խոցելի վիճակում ենք, չենք պատրաստվում տրվել այդ քաղաքականությանը։ Ո՞վ է ասել, որ նոյեմբերի 9-ին պետք է լինի քննարկում և ՀՀ–ն վազի»։

Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։
Փաշինյան, ինչո՞ւ ես վախենում, դուրս արի. վարչապետն այդպես էլ չեկավ հրապարակ
Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Նոյեմբերի 23-ին էլ Կրեմլը հաստատեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպումը, որն ընթանալու է ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։