Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միգել Անխել Մորատինոսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Միգել Անխել Մորատինոսին (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Փաշինյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել արձագանքել Ադրբեջանի գործողություններին
Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը Քաղաքակրթությունների դաշինքի աշխատանքներին։ Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը` միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

Կառավարության ղեկավարը պարոն Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա: Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:
Կդիմի՞ Հայաստանը ՌԴ-ին ու ՄԱԿ-ին. ԱԳՆ-ն պարզաբանում է
Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը: