Փաշինյան, ինչո՞ւ ես վախենում, դուրս արի. վարչապետն այդպես էլ չեկավ հրապարակ

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը կառավարության շենքից դեպի Ազգային ժողով և ՀՀ նախագահի նստավայր քայլերթի ժամանակ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան. Արխիվային լուսանկար
Կարին Տոնոյանը շեշտեց, որ շարունակաբար գալու են Հանրապետության հրապարակ, այնքան, մինչև այն լիքը լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չներկայացավ Հանրապետության հրապարակ, ուր նրան կանչել էին Ազատագրական շարժման անդամները` «լայվի» փոխարեն ժողովրդի մեջ կանգնելու և հարցերին պատասխանելու։
Բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Փաշինյանից կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծն ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ժամանակ էին տվել վերջինիս, որպեսզի կանգնի իրենց առաջ։
«Նիկոլ Փաշինյան, սա այն ժողովուրդն է, ում դու «ժող ջան» էիր ասում, ինչու ես վախենում, դուրս արի։ Մենք պարզապես հարցեր կտանք ու կլսենք պատասխաններ, սակայն ոչ ոստիկանների բանակի հետևում»,– ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ
Նա ընդգծեց, որ ամեն ինչով պետք է կանգնել հայոց բանակի ու հայ զինվորի կողքին։ Նա կոչ արեց բոլոր հայերին ոտքի կանգնել ու թույլ չտալ, որպեսզի զինվորներ զոհվեն։
Տոնոյանը շեշտեց, որ վաղը և շարունակաբար գալու են Հանրապետության հրապարակ, այնքան, մինչև այն «լցված» լինի։
Նոյեմբերի 24-ից հանրահավաքները կիրականացվեն 18։30-ից սկսած։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, վաղ առավոտից մի շարք ուժեր բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։ Ժամը 17։00–ին նրանք միասնական հանրահավաք իրականացրին Հանրապետության հրապարակում։
Նոյեմբերի 18-иն Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։
Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Նոյեմբերի 23-ին էլ Կրեմլը հաստատեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպումը, որն ընթանալու է ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։