Մինչև հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաներին կպահեն կալանքի տակ. «Ժողովուրդ»

Չի բացառվում, որ առաջիկայում այլ աղմկահարույց կալանավորումներ ևս լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Մասնագիտական շրջանակները ենթադրում են, որ մինչև հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաները կշարունակեն մնալ կալանքի տակ: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Օրաթերթը տեղեկացել է, որ կալանավորված նախկին պաշոնատար անձանց մասով շատերի երկամսյա կալանքի ժամկետները լրանում են:

«Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինները մեծ ջանքեր են գործադրում միջնորդություններ ներկայացնել դատարան, որպեսզի կալանքների ժամկետները երկարացվեն»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Ավելին, չի բացառվում՝ առաջիկայում այլ աղմկահարույց կալանավորումներ ևս լինեն, որոնց նպատակը մեկն է՝ շեղել հասարակության ուշադրությունը՝ սպասվելիք փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ»,–գրում է թերթը:
Փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Նրա խոսքով` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։
«5165» շարժումն այս առնչությամբ բողոքի ակցիաներ է կազմակերպում` վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելով ներկայացնել սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս։
«5165» շարժումը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության` ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման` ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում: