Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, մայրերին ու քույրերին. Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը հաղթել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայծակնային շախմատի մրցաշարում տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում հուզիչ գրառում է կատարել ու իր հաղթանակը նվիրել Հայաստանին։
Նա նշել է, որ այս պահին ինչպես աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, իր մտքերը Հայաստանի հետ են, և ինքն անհամբեր սպասում է այն օրվան, երբ իր ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ:

«Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին»,–գրել է Արոնյանը։

Հայ գրոսմայստերը շեշտել է`քանի դեռ հայ ժողովուրդը հավատում է և ամուր կանգնած է ոտքերի վրա, անմահ է:
Նշենք, որ երեկ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում հաղթել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Լևոն Արոնյանը երկրորդն է Կալկաթայի արագ շախմատի մրցաշարում
Արոնյանն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգաիսին 11,5-ական միավոր էին վաստակել։ Թայ-բրեյքի 2 պարտիաներում ոչ-ոքի էր գրանցվել: Արմագեդոն պարտիայում հաղթեց Լևոն Արոնյանը։