Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ԱԳՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչպես արձանագրված է կառավարության ծրագրում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ինչո՞ւ է Թուրքիան փորձում սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև
Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա, մենք, բնականաբար հանրությանը զարգացումների մասին կստեղեկացնենք:
Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում»,-տեղեկացրել են արտգործնախարարությունից:
Հավելենք, որ վերջին շրջանում Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչել այն մասին, որ միմյանցից դրական ազդակներ են ստանում երկխոսելու վերաբերյալ։
ՌԴ–ն դեմ է Թուրքիայի նկրտումներին․ ինչու հայերը չպետք է արագացնեն իրադարձությունները
Սակայն օրեր առաջ «Լը Ֆիգարո» (Le Figaro)-ին տված հարցազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ դրական ազդակներ են ստացվում, բայց այն խրթին է մնում, քանի որ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է, որը, ըստ Մրիզոյանի, բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։