ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհից բացի՝ նաև վիրավորներ ունի։
«Ստույգ թիվ չեմ կարող ասել՝ քանի հոգի են, բայց կան։ Ադրբեջանցիները թիրախավորված կրակել են Նորաբակի ուղղությամբ։ Հրաձգությունը երկար չի տևել», - ասաց Ավետյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական զինտեխնիկան էականորեն չի տեղաշարժվել, բայց կուտակված է ՀՀ սահմանին։
«Այսօր Գեղամասարից կրակոցները չենք տեսել, միայն լսել ենք, բայց գիշերները լինում է, որ կրակում են Կութի, Սոթքի հատվածներում, մենք տեսնում ենք, երեխաները տեսնում են, նրանց հոգեբանության վրա է ազդում։ Զարմանում ենք, եթե մի օր կրակոց չի լինում, շարունակական են․․․», - ասաց Ավետյանը։
Նրա խոսքով՝ համայնքում սպասում են, որ կառավարությունը հարցը դիվանագիտական ճանապարհով կլուծի։
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ այսօր ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշվել էր, որ մեկ զոհ ունենք՝ 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանը։