ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Այսօր Երևանում շմոլ գազի արտահոսքի հետևանքով մեկ մարդու մահվան և ևս երեքի հոսպիտալացման դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն` հավելելով, որ քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Երևանում բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 3-ը հոսպիտալացվել են։
ՔԿ–ն հավելում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 06:10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել 52-ամյա տղամարդու դին՝ առանց բռնության հետքերի:
Այնուհետև Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 3 քաղաքացի:
«Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք ու 52-ամյա՝ մահացած տղամարդը նույն ընտանիքի անդամներ են և թունավորվել են իրենց տանը շմոլ գազի արտահոսքի պատճառով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն: