Սերժ Սարգսյանին կանչել են հարցաքննության

ՀՀ երրորդ նախագահի փաստաբանը խոստացել է մանրամասներ ներկայացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կանչել են հարցաքննության որպես մեղադրյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«3.5 տարի Սիլվայի (Սիլվա Համբարձումյան, – խմբ.) ցուցմունքը վերցնել-դնելով, այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,– գրել է Մակինյանը։

Նա նշել է, որ ծանուցումը ստացել է հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից։
Նա ընդգծել է, որ մնացած մանրամասներն առաջիկայում կներկայացնի։
Շոուն շարունակվում է. Սերժ Սարգսյանի փաստաբանը` հարուցված նոր քրգործի մասին
Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը դեռևս 2018 թվականին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։
Նա ընդգծել էր, որ խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար էր կազմել։