Կա նվազում, սակայն կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը շարունակում է լարված մնալ

Մասնագետը վստահեցնում է, որ COVID-19-ի վերաբերյալ իրավիճակն ավելի մեղմելու և կայունացնելու համար ամենակարևոր գործոնը պատվաստումն է և պատվաստված հասարակություն ունենալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը շարունակում է լարված մնալ, չնայած դեպքերի 40-50 տոկոս նվազմանը։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Այս նվազումը պայմանավորված է 2 շաբաթ առաջ ուսումնական հաստատությունների արձակուրդներով ու առցանց իրականացվող դասընթացներով։ Դրանք այժմ բաց են, սակայն այդ բացել–փակելու միջոցառումները հիմնականում ուղղված են մարդկային շփումների նվազեցմանը»,– նշեց Աբովյանը։

Նրա խոսքով` հիվանդացության դեպքերը դանդաղել են մինչև 0.5-0.6 տոկոսով (անցած ամիս այն 1 տոկոսից ավելին էր)։ Դպրոցների բացմամբ և տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածության հետևանքով կա դեպքերի աճի և տարածվածության ռիսկ։
Պետական հեղաշրջման փորձից մինչև պարտադիր պատվաստում. Covid–ի եվրոպական պատմությունը
Աբովյանը կարևորեց դիմակ դնելը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև պատվաստումների իրականացումը։
COVID-19-ի վերաբերյալ իրավիճակն ավելի մեղմելու և կայունացնելու համար ամենակարևոր գործոնը պատվաստումն է և պատվաստված հասարակություն ունենալը։
Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 334 347–ի, փաստացի բուժում են ստանում 2 311 186 պացիենտ, առողջացել են 307 484–ը։ Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 308 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել 1 405–ի։