Հակաբիոտիկներն ու կորոնավիրուսը. մասնագետները խոսել են վտանգների մասին

Դեղեր. Արխիվային լուսանկար
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հորդորում են քաղաքացիներին տանը չզբաղվել ինքնաբուժությամբ և առանց բժշկի ցուցումի չընդունել հակաբիոտիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2020 և 2021 թվականներին Դեղերի գործակալության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտագործման և սպառման տեսանկյունից գերակշռել է «Ազիթրոմիցին» հակաբիոտիկը, ինչպես նաև հակասնկային «Ֆլյուկոնազոլ» դեղամիջոցը։
Այս մասին հակաբիոտիկների չարաշահման վտանգների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Ռուսական մշակումը թույլ կտա մի քանի անգամ նվազեցնել հակաբիոտիկների օգտագործումը
«Ուսումնասիրությունն իրականացվել է 4 հիվանդանոցում` պիլոտային կարգով։ Սպառման տեսանկյունից կորոնավիրուսային հիվանդության ժամանակահատվածում գերակշռել է «Ազիթրոմիցինը» և հակասնկային «ֆլյուկոնազոլը»։ Բայց պետք է նշեմ, որ վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով, այլ հակավիրուսային դեղորայքով»,– նշեց Աբովյանը։
Նա շեշտեց` հակաբիոտիկների կիրառումը գլոբալ խնդիր է և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում։
ԱՀԿ–ն բազմիցս հորդորել է, ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որպեսզի հակաբիոտիկներին զուգահեռ չկիրառվի «Ֆլյուկոնազոլ» դեղամիջոցը։
Մասնագետը նաև հորդորեց համաքաղաքացիներին հակաբիոտիկներ ընդունել միայն բժիշկի նշանակմամբ և նպատակային։
Բժիշկ Մյասնիկովն ասել է` ում են հակացուցված հակաբիոտիկները
«Պետք է նշեմ` ցավոք, կորոնավիրուսային հիվանդության ընթացքում հակաբիոտիկների կիրառումը լայնորեն տարածվում է։ Շատ դեպքերում պացիենտները տան պայմաններում ինքնաբուժման հետևանքով բավականին ծանր կլինիկական ընթացքով դիմում էին ԲԿ–ներ, որտեղ ուղղակի հնարավոր չի լինում կազմակերպել համապատասխան բուժօգնություն, և ունենում ենք նաև մահվան դեպքեր»,– ասաց Աբովյանը և հավելեց, որ կորոնավիրուսային հիվանդությունն է նպաստել այդ դեղամիջոցների կիրառմանը։

Առաջնային պահպանման օղակում մոնիթորինգ է իրականացվել և պարզվել է, որ շատ դեպքերում նաև հենց առաջին օրվանից պացիենտներին նշանակվել են հակաբիոտիկներ, որոնք բացարձակ պետք չեն եղել այդ պահին։

ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը, խոսելով «Ազիթրոմիցին» հակաբիոտիկի մասին, ընդգծեց, որ համավարակի սկզբում այն հիմնական ցուցակում էր ընդգրկված, սակայն 1-2 ամսից համարվել է որպես ոչ արդյունավետ դեղամիջոց։
«Կորոնավիրուսային թոքաբորբերի ժամանակ` գրեթե 90 դեպքերում, բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա»,– նշեց Հայրումյանը։
ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կիրառման որևէ խոչընդոտ չկա. ԵՏՀ նախարար
Նա ընդգծեց, որ և՛ տեղամասային թերապևտներին, և՛ մանկաբույժներին, և՛ ընտանեկան բժիշկներին ներկայացվել են ուղեցույցներ, որտեղ նշված է, թե երբ է պետք հակաբիոտիկներ կիրառել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ` աշխարհում անցկացվում է Հակաբիոտիկների իրազեկման շաբաթ: