Վերածննդի խորհրդանիշ. ինչի՞ մասին է երազում արցախցի բազմազավակ մայրը

Գրիգորյան–Պողոսյան ընտանիքը պատերազմի օրերին բաժանվել էր. մայրն ու երեխաները Երևանում էին, հայրն ու պապը` Ստեփանակերտում։ Պատերազմից հետո նրանք միավորվեցին և վերադարձան հարազատ քաղաք։
Sputnik
Այս ընտանիքին Ստեփանակերտում վերածննդի խորհրդանիշ են համարում։ Համենայն դեպս, տարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ հենց այդպես են խոսում նրանց մասին։ Բանն այն է, որ Լիլիթն ու ամուսինը 5 երեխա են մեծացնում, ընդ որում` վերջինը ծնվել է պատերազմից հետո։ Երիտասարդ ծնողները փոքրիկին անվանել են Հայկ Նահապետի պատվին։
Անահիտն ու Հայկը
Տեղի բնակիչների խորհրդին հետևելով` հյուր ենք գնում։ Հանդիպում ենք Լիլիթի հայրական տանը, քանի որ իրենց բնակարանը պատերազմի ժամանակ փլուզվել է, հիմա վերանորոգում են։ Բարձրանում ենք մեզ անհրաժեշտ հարկն ու ականջ դնում, որպեսզի աղմուկի վրա գտնենք բնակարանը։ Հարկում լուռ է։ Րոպեներ անց մեզ հաջողվում է գտնել ճիշտ դուռը։ Այն մի ծեր կին է բացում` Գրետա տատիկն է, իսկ նրա հետևում 4 զույգ մանկական աչքեր են երևում։ Երեխաներն ուրախ բարևում ու պատմում են, «որ պապան գործի է, իսկ մաման շուտով կգա»։
Սկսում ենք ծանոթանալ` ավագ դուստրը` Անահիտը, 10 տարեկան է, միջնեկը` Գայանեն` 8, Սաթենիկը` 5, Գրիգորը` 3։ Իսկ ամենափոքրը` Հայկը, ընդամենը 7 ամսական է։ Նա պապի` Հրաչիկի գրկում է և շատ ուրախ է հյուրերի գալու համար։
Հրաչիկ պապիկն ու Հայկը
Զրույցից մի քանի րոպե անց մեր լուսանկարիչը հանկարծ հիշում է պապին. նրան տեսել է պատերազմի օրերին, երբ նկարահանում էր այս տնից քիչ հեռու արկերի հարվածից փլուզված շենքը։ Հրաչիկը 44-օրյա պատերազմի մեծ մասը Ստեփանակերտում է անցկացրել։ Ռմբակոծությունների ժամանակ նկուղում թաքնվում էր։ Փեսան թիկունքի աշխատանքներով էր զբաղված։ Այն ժամանակ հղի Լիլիթին երեխաների հետ Երևան էին ուղարկել` բարեկամների մոտ։
- Աղջիկ թոռնիկ էիք ուզո՞ւմ, թե՞ տղա։
- Սեռը կապ չունի` Ղարաբաղում կին թե տղամարդ` բոլորը մարտիկ են,– նշում է Հրաչիկը։
- Պատերազմից հետո միշտ տղաներ են ծնվում։ Գրիգորն Ապրիլյան պատերազմից հետո ծնվեց, իսկ Հայկը` 44-օրյայից։ Թող մեր ընտանիքում այսուհետ միայն աղջիկներ ծնվեն, – ավելացնում է նրա քույր Գրետան։
Գրետա տատիը թոռների հետ
Մինչ մենք զրուցում ենք պատերազմի մասին, երեխաները խաղում են և ուրախացնում փոքր եղբորը։
Հայկը
Հանկարծ Գրետան ընդհատում է ծանր զրույցն ու սկսում պատմել, որ Լիլիթը միշտ երազել է մեծ ընտանիքի մասին, որտեղ 7 երեխա կլինի։ Նա շատ է սիրում երաժշտություն և ուզում է` իր բոլոր երեխաները երաժշտական կրթություն ստանան։ Դեռ միայն երեքն են կատարում նրա ցանկությունը. Անահիտը մոր պես դաշնամուր է նվագում, Գայանեն շվին է նախընտրել, իսկ Սաթենիկը երգեցողությամբ է զբաղվում։
Լիլիթ Գրիգորյան-Պողոսյանը երեխաների հետ
Աղջիկներն իրենց անունները լսելուն պես վազում են և առաջարկում կատարել իրենց սիրած մեղեդին։ Սաթենիկն ամաչում է և կտրականապես հրաժարվում միանալ քույրերին։
Անահիտն ու Գայանեն նվագում են իրենց սիրելի երաժշտությունը
Աղջիկները պատրաստ են անդադար նվագել և զբաղեցնել մեզ, բայց փոքրիկ Հայկին դա ձանձրացրել է, և քույրերը մի կողմ են դնում գործիքները։ Նա միակն է, որ կարող է քույրերին կտրել սիրելի զբաղմունքից։ Նույնիսկ Երևանում գտնվելու ընթացքում աղջիկները երաժշտական դպրոց էին հաճախում։ Անահիտը երազում է դաշնակահարուհի դառնալ, իսկ ահա Գայանեն չի կողմնորոշվել` գուցե բժիշկ դառնա։
-Սիրեցի՞ր Երևանը։
- Հա, սիրուն էր քաղաքը։
- Կուզեի՞ր այնտեղ ապրել։
- Չէ, մեր տունն այստեղ է, ու մենք կարոտում էինք, – ասում է Անահիտն ու վազում դուռը բացելու։
Անահիտը, Սաթենիկն ու Գրիգորը
Սենյակ է մտնում Լիլիթն ու երեխաների տրամադրությունն անմիջապես փոխվում է։ Նա ընդամենը մեկ ժամ է բացակայել, իսկ փոքրերն արդեն հասցրել են կարոտել. փոքրիկ Հայկն ուզում է գիրկը գնալ, Գրիգորն էլ անընդհատ պտտվում է հետևից։ Բազմազավակ մոր օրը շատ հագեցած է` դպրոց, տարբեր խմբակներ, դասեր, խաղեր... Լիլիթը երեխաներին շատ ժամանակ է հատկացնում և միշտ ազնիվ է նրանց հետ։
Լիլիթ Գրիգորյան-Պողոսյանը
Պատերազմի ժամանակ երեխաները գիտեին, թե ինչ է տեղի ունենում, գիտեին, որ հայրը թիկունքի աշխատանքներում է ներգրավված, իսկ հիմա գիտեն տարածքային կորուստների մասին։ Ընտանիքի համար հատկապես կարևոր է Շուշին. այնտեղ է Լիլիթը ծանոթացել ամուսնու հետ։
Լիլիթը խոստովանում է, որ թեև ռազմաճակատից հեռու էր, բայց ծանր ժամանակներ էին, մերթընդմերթ վատ լուրեր էին գալիս։ Հղիությունն այն աստիճան հույզերի մեջ էր ընթանում, որ մոռացել էր առաջին հետազոտության ժամանակ հարցնել երեխայի սեռը։ Նրա համար կարևոր չէր, և բարեկամների հարցուփորձը նրան միայն անհարմար վիճակի մեջ էին դնում։ Պատերազմի ավարտից հետո նա մի վայրկյան անգամ չվարանելով` որոշել է վերադառնալ և երեխային մեծացնել սիրելի քաղաքում, թեև քաջ գիտակցում էր գոյություն ունեցող սպառնալիքներն ու վտանգները։ Խոստովանում է, որ պատերազմից հետո հոգեբանորեն դժվար է նոր իրողություններին հարմարվելը։
– Հավատո՞ւմ եք ադրբեջանցիների հետ խաղաղ կյանքին։
- Ոչ, անգամ առաջին պատերազմից առաջ իրենց հետ խաղաղ ապրել չկար։ Մեծերը մեզ զգուշացնում էին, որ թուրքերի (ադրբեջանցի) տներից հեռու խաղանք։ Իսկ հիմա` առավել ևս։
- Արտագաղթելու մասին մտածե՞լ եք։
- Աշխարհում հիմա անվտանգ տեղ չկա, իսկ հայրենիքից ավելի լավ տեղ դժվար է գտնել։
- Հիմա ինչի՞ կարիք ունեք ամենաշատը, – հարցնում եմ` մտածելով, որ ինչ–որ նյութական բան է նշելու Լիլիթը։
- Մեր տարածքների վերադարձի ու Արցախի կարգավիճակի որոշման...
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները