ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող ևս երկու մարզիկ են աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան` ֆեյսբուքյան էջում մանրամասներ հայտնելով։
Հայտնել էինք, որ արցախցի Արթուր Առուշանյանը հաղթել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերում և դարձել աշխարհի քառակի չեմպիոն:
Բացի Արթուրից, աշխարհի չեմպիոն են դարձել նաև Դավիթ Ասատրյանը և Գոռ Մատոյանը։ Ավելին, Հայաստանը ներկայացնող 10 մարզիկներից 8-ը մրցանակակիր են դարձել։ Արծաթե մեդալակիր են դարձել Էմիլ Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Արտյոմ Մնացականյանը, Մարտին Քոչարյանը, իսկ Արեն Կարապետյանն էլ բրոնզ է նվաճել։
Հիշեցնենք, որ Կրակով քաղաքում ընթացող պատանիների, երիտասարդների և մեծահասակների Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 19-ից 20-ը։