ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Բուլղարիայում մի խումբ քաղաքացիներ հավաքվել են բուլղարա-թուրքական սահմանի «Կապիտան Անդրեևո» սահմանային կետում ՝ բողոքելով, այսպես կոչված, «ընտրովի զբոսաշրջության» դեմ։ Տեղեկությունը հայտնում է բուլղարական «Ստանդարտ» պարբերականը` հավելելով, որ նրանք փակել էին ճանապարհը։
«Ընտրովի տուրիզմ» ասելով այստեղ նկատի ունեն բազմաթիվ բուլղարացի թուրքերին, որոնք, մշտապես ապրելով Թուրքիայում, ընտրությունների օրը զանգվածաբար գալիս են Բուլղարիա, քվեարկում և հետ վերադառնում։
Բողոքի կազմակերպիչ Վեսելին Իլչևի խոսքով ՝ իրենք որևէ կուսակցության հետ կապ չունեն, իրենց նպատակն է թույլ չտալ ուրիշի միջամտությունն իրենց երկրի ընտրություններին։ Ընդ որում, նա նշել է, որ ցուցարարները ճանապարհը կբացեն Թուրքիայից եկող այն մեքենաների առջև, որտեղ կան երեխաներ կամ հիվանդ անձինք, ինչպես նաև արագ փչացող բեռներով բեռնատարներին ճանապարհ կտան:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, և որոշ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվել է։ Սակայն ցուցարարները հայտարարել են, որ ճանապարհի մոտ կմնան ողջ օրվա ընթացքում։
Նոյեմբերի 14-ին Բուլղարիայում տեղի է ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Ռումեն Ռադևը և Անաստաս Գերջիկովը ՝ Սոֆիայի համալսարանի ռեկտորը։ Երրորդ տեղը զբաղեցրել է Մուսթաֆա Քարադայը։ Ընտրությունների երկրորդ փուլն այսօր է։
«Այս Մուսթաֆա Քարադայ անունով «բուլղարացին» ստացել է 242 421 ձայն, որից 83 107- ը ՝ արտասահմանից, 97-տոկոսով ՝ Թուրքիայից»,–նշված է բուլղարական «Երկրորդ ճակատ» հայրենասիրական պարբերականի էջերում։
Ի դեպ, Թուրքիայից Բուլղարիա ուղևորվող ավտոբուսներից մի քանիսում մաքսանենգության դեպքեր են հայտնաբերվել։ Թուրքական կողմը բողոքի նոտա է հղել Բուլղարիային իր բեռնատարները զննելու համար։