ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը «թյուրքական աշխարհի» քարտեզի հետ։
Պեսկովը նշել է, որ նորմալ է համարում այն, որ թուրք գործընկերները պահպանում են թյուրքական միասնության գաղափարը։ Սակայն, ինչպես հեգնանքով նշել է պաշտոնյան, Կրեմլում ցավում են, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանում՝ Ալթայում։
«Մեր թուրք գործընկերները օրորոում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է։ Ես միայն կարող եմ ափսոսալ, որ քարտեզի վրա, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում։
Այն Թուրքիայում չէ, այն Ռուսաստանի Դաշնության տարածքում է՝ Ալթայում, յուրաքանչյուր թյուրքի համար սրբազան այն վայրում, որտեղից էլ նրանք գալիս են ծագումով։ Սա որպես թուրքագետ եմ ասում»,-ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում «Москва. Кремль. Путин» հաղորդման շրջանակում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Քարտեզն Էրդողանին նվիրել է Թուրքիայի Ազգային շարժման կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին։ Էրդողանի և Բախչելիի լուսանկարը՝ քարտեզի հետ միասին, տեղադրվել է կուսակցության Twitter-ում։
«Թյուրքական աշխարհում», Բախչելիի վարկածով, ներառված են Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։